Press "Enter" to skip to content

“Օմեգա” ակումբը 50 տարվա դաշինք կնքեց Ուկրաինայի հետ

Ուկրաինական դիրքերը ուժեղանում են հայերի գիշերային կյանքում

ԵՐԵՎԱՆ — Անցած շաբաթ Հայաստանում ստորագրվեց աննախադեպ համաձայնագիր, որը կես դարով անխափան կապահովի Հայաստանը ուկրաինական ստրիպ շուկայի լավագույն ապրանքատեսակներով: Իշխանություններին մոտ կանգնած որոշ աղբյուրների համաձայն դրանով կարող է սպասարկվել նաև Ղարաբաղյան շուկայի պահանջարկը սուր անհրաժեշտության դեպքերում, ինչը ակնարկվում է պայմանագրի տողերից մեկում` “…Հայաստանի և տարածաշրջանի այլ հայերի սպասարկման նպատակով…”:

Համաձայնագրի ստորագրումը զգալի աշխուժություն մտցրեց երկու երկրների քաղաքական և հասարակական կյանքում: Համաձայնագրի ստորագրման նպատակով Հայաստան այցելած Վիկտոր Յանուկովիչը հանդիպումներ ունեցավ քաղաքական էլիտայի և քննարկվող ոլորտի պատասխանատուների հետ: Ուկրաինայի նախագահը նաև փոխըմբռնման հուշագրեր կնքեց Պոլիտեխնիկի և ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետների հետ, որոնք հայ ուսանողներին արտոնյալ պայմաններ կտրամադրեն ուկրաինական տեսականուց օգտվելու համար:

Նշենք, որ այցից մի քանի շաբաթ առաջ մամուլում տեղ գտան լուրեր Ադրբեջանի գիշերային ակումբներին Ուկրաինայի կառավարության կողմից ժամանակակից պարային մասնագետներ տրամադրելու մասին:

Ուրբաթ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայ լրագրողները ուկրաինացի հյուրի առջև բարձրացրեցին այդ զգայուն հարցը` Ադրբեջանին տրամադրած Ս-69 տեսակի հակաձանձրութային ժամանակակից իգական համակարգի վաճառքը: “Մենք ունենք ռազմավարական համագործակցություն մեր հայ գործընկերների հետ և մեր ոչ մի քայլ տարածաշրջանում ուղղված չէ մեր գործընկերների դիրքերը թուլացնելուն,” դիվանագիտորեն պատասխանեց Յանուկովիչը:

Հիշեցնենք, որ հուլիսին տարածվեցին անանուն լուրեր Ադրբեջանական գիշերային ակումբներին ուկրաինական պարուհիների լուրջ պատրաստված խմբեր փոխանցելու վերաբերյալ: Այդ լուրերը մինչ օրս ոչ հերքվել, ոչ հաստատվել են որևէ կողմից:

"Ս-69 համակարգը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի անվտանգությանը" Սլավիկ Սուքիասյան

Շիրակում տեղակայված “Հայոց բլուրներ” ռազմավարական գիշերային ակումբի տնօրեն Սլավիկ Սուքիասյանը անհիմն է որակում Ս-69-ի շուրջ բարձրացած աղմուկը: “Չեմ կարծում, դա որևէ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վրա: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ “Կոլեկտիվ թրաֆիկինգի կազմակերպության” անդամ, ինչը չեզոքացնում է Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր համակարգի գնումը Ուկրաինայից: Եթե նույնիսկ այդ ասեկոսները իրական են, ապա դա միայն կնշանակի, որ Ուկրաինացիները գումար են աշխատում մեր հարևանի միամտության վրա”, նշեց վերլուծաբանը:

Միաժամանակ Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը փարատեց տատանվողների կասկածները` “Այս բանավեճերում կարծես չի նշվում ամենակարևորը` այն է` Ս-69 համակարգը ունի զուտ պաշտպանողական բնույթ: Այսինքն հնարավոր հայ-ադրբեջանական բախման դեպքում ադրբեջանցիները չեն կարողանա օգտագործել այդ ներուժը Հայաստանի կամ Ղարաբաղի դեմ, մինչդեռ Օմեգայում և Շիրակի մարզում տեղակայված ուկրաինական համակարգերը կարող են հեշտությամբ տեղափոխվել մարտի դաշտ և կիրառվել թե հարձակվողական և թե պաշտպանական իրավիճակներում:”
[ad#Google Adsense Horizontal]

2 Comments

  1. Arman Arman 06/09/2010

    С каждым днем убеждаюсь, что только ты думаешь о благополучии этой страны:-)

Մեկնաբանությունները փակ են.