ԵՐԵՎԱՆ — Երեքշաբթի հայտնի դարձավ 2010-ի ամառվա վատագույն սպասարկող կազմակերպության անունը: Մշակույթի նախարարությունը տարվա “Մեծագույն Արմենթել” տիտղոսին արժանացրեց շատերի համար անհայտ VISA Concord զբոսաշրջության օպերատորին: Նախարարության դիտարկումները պարզեցին, որ նոր առաջատարի վերջին կես տարվա հաճախորդների 17 տոկոսը սկսել է ծխել, 14 տոկոսը գործել է ինքնասպանություն, իսկ 12 տոկոսը սկսել է լսել Արմենչիկ:
Կարծում եմ, որ բավական խիզախ մարտահրավեր է նետել VISA Concord-ը ցածրորակ ծառայությունների ոլորտի ծանրամարտիկներին: Ոչ ոք չեր կարծում որ մի քանի տարում նրանք կկարողանան հավասարվել Կադաստրի կոմիտեին և ոլորտի հիմնադիր Արմենթելին, սակայն այսօր նրանց հետ հաշվի են նստում նույնիսկ տեղական օղու արտադրողները,” նշեց Հասմիկ Պողոսյանը տիտղոսի շնորհանդեսին:
Կազմակերպության տնօրեն Կարեն Սարիկյանը ներկայացրեց կազմակերպության տեսլականը մոտակա մի քանի տարվա համար. “Կարծում եմ, արևմտյան ազդեցության արդյունքում սպասարկման ոլորտը բավական կտրվել է հասարակությունից: Հաճախորդները սկսել են մոռանալ հայ արևահամ մունաթն ու հաճախորդի ‘պորտը տեղը դնելու’ դարավոր ավանդույթները: Մենք փորձում ենք լրացնել այդ բացը այսօրվա զբոսաշրջության բնագավառում և, ի դեպ, դեռ լիովին չենք օգտագործել մեր ներուժը:”
Հիշեցնենք, որ VISA Concord-ի շուրջ հիմնական աղմուկը բարձրացավ հունիսին, երբ կենտրոնի բնակիչ Լիլիթ Օհանջանյանը գնեց տոմսեր Փարիզ և միայն ճամփորդության վերջում հասկացավ, որ կազմակերպությունը լրջորեն թերացել է ծառայության որակի ապահովման հարցում: «Անկեղծ ասած, երբ իջա ինքնաթիռից և կարդացի «Բաթումի», ինձ թվաց, որ պարզապես Շարլ Դե Գոլի մի տերմինալի անուն է, բայց երբ ինձ մոտեցան մի քանի տասնյակ ոչ փարիզյան հագուստով կին և սկսեցին գոռալ «ցխելի սիմինդի, գոգո», ես հասկացա, որ գործ եմ ունեցել տարվա մեծագույն Արմենթելի հետ»,- կիսվում է Լիլիթը:
Միաժամանակ Արմենթելը լուրջ քայլեր է ձեռնարկում բացասական ժառանգությունից ու վատ նստվածքից ազատվելու ուղղությամբ: Գովազդային ցուցանակների վրա կես տարի ցուցադրվել է Արամ MP3-ի նկարը, որը հիմնականում ասոցիացվում է հումորի և բարի զգացումների հետ:
Իսկ սկսած 2010-ի հուլիսից կազմակերպությունը դիմել է առավել արմատական քայլերի` Արամ MP3-ին փոխարինելով հաջող ոտքերով աղջկա նկարներով: «Վստահ եմ, որ հաջող ոտքերով աղջիկը, որը հիմնականում ասոցիացվում է սեքսի հետ, կվերացնի այն մնացորդային վատ նստվածքը, որ ժողովուրդը դեռ ունի Արմենթելի նկատմամբ»,- նշել է ANN-ի հետ հարցազրույցում Արմենթելի Վատ նստվածքի դեմ պայքարի բաժնի ղեկավար Անտոն Սվոլոչկովը:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դրական է գնահատում Արմենթելի փիառ քայլը. “Անկեղծ ասած ես երբեք չեմ սիրել Արմենթելը իր երկարամյա վատ սպասարկման, մենաշնորհային չարաշահման և կոպիտ վերաբերմունքի պատճառով, սակայն հիմա, երբ մեզ ներկայացրեցին սեքսոտ ոտքերով աղջկա նկարը, վստահ եմ, որ Արմենթելը իրականում փոխվել է և դարձել լավագույն օպերատորը: Չեմ կարծում որ որևէ տղամարդ կարող է նայել այդ ցուցապաստառին և ասել, որ Արմենթելը վատն է.. դա առնվազն սրիկայություն կլիներ:”
Հաջող ոտքերով և հարմար դիրքով Արմենթելի աղջկա նոր ցուցապաստառները արդեն լրջորեն փոփոխել են վերաբերմունքը կազմակերպության սպասարկման և անցյալի մասին: Նոր ռազմավարության արդյունքում անորակ սպասարկման բնագավառը կարող է վերջնականապես անցնել VISA Concord-ին և այլ սկսնակ անհաջողակներին:
Արմքոմեդիի խմբագրությունը իր հերթին ներողություն է խնդրում Արմենթելից նախորդ թյուրիմացությունների համար: Մենք պարզապես տեղյակ չէինք նման սեքսոտ ոտքերի առկայության մասին Արմենթելում, այլապես երբեք մեզ թույլ չէինք տա քննադատի կազմակերպության սպասարկումը և չէինք փորփրի մենաշնորհային մութ անցյալը:
haha… shat lavn er
))) es chei tesel :)))