Press "Enter" to skip to content

Մեկ պատուհան՝ մեկ կաշառք

Աննախադեպ կոռուպցիոն բարեփոխումներ

by Narek

Քաղաքացիներին սպասարկող բոլոր պետական գերատեսչություններում նախատեսվում է մտցնել այդպես կոչված մեկ պատուհանի սկզբունքը, որը ոչ միայն կնվազեցնի հերթերը, կբարելավի սպասարկման մակարդակը, այլ նաև կօպտիմալացնի կաշառքի հանձման-ընդունման գործընթացը: Հայաստանի պետական կաշառագանձման գերատեսչության պետ Սեմյոն Վերաբերմունքյանը այսօր լրագրողներին ներկայացրեց ինչպիսի փոփոխություններ են սպասվելու: «Մեկ պատուհանի սկզբունքը իհարկե մենք չենք հնարել, դա եվրոպական լավագույն փորձն է, որը մենք ցանկանում ենք ներդնել Հայաստանում: Մեր ժողովրդի հոգեբանությունը պետք է փոխվի, մենք սովոր ենք, օրինակ ավտոմեքենա ձևակերպելիս` մի 5000 դրամ մի տեսուչին տալ, մի 3000` մյուսին, մի քանի հազար` համարների համար, մի քանի հազար` տեխնիկական զննման համար…այ դա մենք պետք է հանենք մեր միջից՝ հիմա քաղաքացին մոտենալու է մեկ պատուհանի և մի կաշառքով է լուծելու իր հարցերը», — նշեց Վերաբերմունքյանը:

Երևանում արդեն գործում է մեկ պիլոտային կադաստր, որտեղ կաշառատու քաղաքացիները կարող են ընտելանալ կաշառատվության նոր ընթացակարգին: «Ինչ խոսք, շատ-շատ հարմար էր, ես ինձ մի պահ զգացի ոնց որ Լոս Անջելոսում, շատ հարմար էր, մի տեղ տվեցի փողը ու էլ չէի վազվզում կաբինետներով, առանձին-առանձին մաղարիչ անում՝ Եվրոպա ա մի խոսքով», — կիսվեց ԱրմՔոմեդիի հետ 34-ամյա Գարիկը, ով փորձում էր իր հորաքույրի բնակարանի համար սեփականության վկայական ստանալ:

Վերաբերմունքյանի խոսքերով 2012թ. պետական հիմնարկները կանցնեն արդեն ամենաժամանակակից քաղաքացիների սպասարկման համակարգին, որը կոչվելու է e-kasharq՝ ասել է թե էլեկտրոնային կաշառք: Այն թույլ կտա քաղաքացիներին խուսափել անձնագրային սեղանի աշխատակիցների հետ շփվելու կարիքից, և ինտերնետի միջոցով կաշառել անհրաժեշտ պաշտոնյային: Սուպերմարկետներում և փաղոցներում տեղադրված տերմինալներով հնարավոր կլինի ընտրել անհրաժեշտ պաշտոնյային և կաշառել նրան հաշված վայրկյանների ընթացքում: Ի դեպ պաշտոնյաների ցանկը կարելի դասավորել ինչպես ըստ այբենական կարգի, այնպես էլ ըստ վզի հաստության հերթականության: Կաշառքը հնարավոր կլինի վճարել նաև ArCa, PayPal, WebMoney և e-Dram համակարգերի միջոցով:

Նորությունը մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես ուսանողների մոտ, քանի որ ապագայում նրանք կկարողանան ստուգարքներն ու քննությունները ստանալ առանց տանից դուրս գալու: «Ախպեր դե պառկովկի տեղ, մեկա, չկա մեր համալսարանի դեմը, նենց որ ես պատրաստ եմ էլեկտրոնային կաշառք տամ հենց էսօր…մեր հարևանի տղեն էդ ինտերնետից լավ հասկանում ա, ու պռոբլեմ չկա», — ասաց ապագա իրավաբան, գուցե և դատավոր Սասունիկը:

«Նման համակարգ տարածաշրջանում դեռ ոչ մի պետություն չունի, Հայաստանը կրկին կլինի առաջինը: Վրաստանում իշխանությունները արդեն լսել են մեր նախագծի մասին և խուճապի մեջ են ընկել, սակայն փորձում են այդ նորությունը քաղաքացիներից թաքցնել, որպեսզի չկրկնվի սովետական տարիներին տեղի ունեցած կանաչ նախանձի համաճարակը, երբ Երևանում բացվեց մետրոն», — տեղեկացրեց Վերաբերմունքյանը:

Իսկ այն հարցին, թե ուր են գնալու քաղաքացիներից գանձված կաշառքները, պաշտոնյա այրը չպատասխանեց և հեռացավ` սեղանին թողնելով 2010թ. լավագույն զբոսանավերի կատալոգը:

Share